«Յուրայի մահով ես կորցրել եմ ոչ թե մեկ, այլ հազար զինվոր»:
Արկադի Տեր-Թադևոսյան
Հայաստանի Ազգային հերոս ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ մի անհատակություն էր, ով գիտակցաբար մահվան ընդառար գնաց՝ կամավոր դառնալով կերտողը պատմական իրադարձությունների:
«Քաջերի սահմանն իրենց զենքն է» արտահայտությունը հավատամք էր քաջորդու համար, որն իր բռնցքի զարկը տվեց ընդհանուր ազգային կռվին, որպիսզի հետագայում պարզերես լինի սերունդների առաջ:
Յուրաքանչյուր զինվորի կյանք թանկ էր Յուրայի համար, և ձգտում էր հնարավորինս խուսափել ավելորդ կորուստներից:
Տառապում էր իր զինվորների ու ընկերների մահվան համար:
Յուրի Պողոսյանի համար Արցախյան մեծ գոյապայքարը դարձավ ոգեղենության բարձրագույն թռիչքահարթակ՝ ասպարեզ բացելով բացառիկ նվիրյալների ու հերոսների համար, նրանց համար, ովքեր պիտի կռեին մեր ռազմական հաղթանակները: Այդ բացառիկ նվիրյալներից էր Յուրան:
Նոր սերունդն ավելի լավ պետք է ճանաչի ազատության համար ընկած հրամանատարին հասկանա, որ հայրենիքի համար մեռնել՝ նշանակում է ապրել սերունդների հիշողության մեջ:
Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին, Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում։
Ավարտել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցը, աշխատանքի ընդունվել ավտովերանորոգման արհեստանոցում: Ծառայել է խորհրդային բանակի շարքերում: Ստեփանակերտում ստեղծել է իր սեփական արհեստանոցը, որը և հետագայում դարձել է առաջին զինվորներից մեկը:
Երբ Հադրութի շրջանում կազմավորվում են առաջին կամավորական ջոկատներ, որոնց շարքերում էր նաև հերոսը: Այստեղ էլ նա նշանակվում է ջոկատի հրամանատար և իր տղաների հետ դառնում Կիչան, Սրխավենդի, Էդիլուի, Խորամանջուղի մարտերի շունչն ու ոգին:
Երբ սկսվում է Արցախի կամավոր բանակի առաջին զորամասերի կազմավորվումը, ձևավորում է ԻՊՈՒ թիվ 4 վաշտը, որի հրամանատար էր Յուրի Պողոսյանը:
Նա ղեկավարում է հետևակի մարտական մեքենայի 7 հոգուց բաղկացված դեսանտային անձնակազմը, որը միշտ հայտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում։
Ճակատամարտերում Յուրի Պողոսյանը և՛ հրամանատար էր, և՛ մեխանիկ վարորդ, հետախույզ և՛ սակրավոր:
Տեսախցիկից ու լուսանկարչական ապարատից խուսափում էր:
Վերին աստիճանի գաղտնապահ էր:
Իր վաշտում անդամագրվել ցանկացողին առաջին հերթին հարցնում էր՝ գաղտնիք պահել գիտե՞ս...
Յուրայի մասին բազում վկայություն-պատմություններ կան:
Դրանցից մեկը ադրբեջանցի լրագրողի գերեվարման դեպքն է:
1991թ. Ստեփանակերտ ժամանած Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի պատվիրակության կազմում նաև լրագրողներ կային, այդ թվում նաև` Բաքվից:
Իր համախոհների հետ Յուրան այդ օրը որոշում է պատանդ վերցնել ադրբեջանցի լրագրողին և նրան փոխանակել օմօնականների առևանգած հայ գերու հետ:
Գործողությունը հաջող իրականացնելուց հետո ադրբեջանցուն բերում է իրենց տուն և կենցաղային նորմալ պայմաններ ապահովում նրա համար: Հետագա անելիքները ճշտելու համար ընկերներն այցելում են Յուրային և ականատես լինում, թե ինչպես է վերջինս ադրբեջանցու հետ նարդի խաղում…
Տեսնելով տղաների զարմացած հայացքները` Յուրան հանգիստ ձայնով բացատրում է. «Այս պահին իմ դիմաց նստած է բոլորիս պես մի մարդ, այլ ոչ թե թշնամի…»:
Յուրան վառ երևակայություն ուներ և իր յուրաքանչյուր լավ միտք փորձում էր անմիջապես կյանքի կոչել:
Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ Թաղլարում էր, տեսնելով մարշալ Արմենակ Խանփերյանցի տուն-թանգարանի առջև տեղադրված ինքնաթիռ-հուշարձանը, ասում է. «Մի քիչ ազատ ժամանակ ունենամ, ինքնաթիռը բերելու եմ մարտական վիճակի, և մենք ունենալու ենք նաև մարտական օդուժ»: Ընկերները վստահ են` եթե Յուրան ողջ մնար,
ապա անկասկած այդ մտահղացումն էլ իրականություն կդարձներ:
Երբ շրջափակման մեջ հայտնված Արցախը զրկվեց էլեկտրական հոսանքից, Յուրան այդ խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ գտավ. հենց նրա պրպտուն մտքի շնորհիվ առաջին անգամ Ստեփանակերտում սկսեցին աշխատել գազով շարժիչները, որոնք որոշ ժամանակահատված օգտագործվում էին թե՛ բնակարանները լուսավորելու և թե՛ մեքենաների շարժիչները գործարկելու նպատակով:
Փոքր հասակից Յուրայի տարերքը երկաթն էր: Եվ իրենց բակի արհեստանոցում էր նա փորձարկում իր պատրաստած զենքերը: Մի ատրճանակ էր պատրաստել և և իսկական «Մակարով»-ի կողքին դնելով, տիրոջ ասել է՝ վերցրու քոնը:
Տեսնելով, որ վերջինս դժվարանում է տարբերել իսկական նմանակից, հուշել է. «Քոնը համարակալված է»:
Դա Յուրայի երջանիկ օրերից մեկն է: Նրա սեփական արհեստանոցը հետագայում դարձավ արցախյան զինանոցներից մեկը: Այն մի փոքր գործարան էր հիշեցնում, որտեղ ստեղծվում ու փորձարկում էին առաջին զենքերը՝ ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ, ատրճանակներ:
Նրա ստեղծած զենքերից մեկն իր առաջին կիրառությունը գտավ 1990թ. Հադրութի շրջանում։ Նրանց տունը մի տեսակ մարտական շտաբի էր վերածված Հավաքվում էին, նայում, քննարկում, իսկ երբ հայրը` Վաղարշակը, կամ կինն էր մտնում սենյակ, իսկույն փոխում էր խոսակցության թեման, անեկդոտներ պատմում:
Նրա մայրը՝ տիկին Վերան միշտ հպարտանում և միշտ բոլոր զինվորներին ցանկանում է, որ ծառայեն խաղաղ պայմաններում՝ ազատ ու անկախ երկրում և արժանի լինեն կտակված ավանդներին ու սերտելով հերոսների թողած դասերը՝ գերազանց ծառայությամբ արժանի լինեն նրանց սուրբ հիշատակին:
1992 թ. փետրվարի վերջին Աղդամից երկու հազարանոց թշնամական զորագունդը հրասայլերի ուղեկցությամբ մոտենում էր շրջկենտրոնին:
Նրանց կանգնացնել էր պետք Յուրին, Ալեքսանդր Հայրապետյանը և Արթուր Վանյանը:
ԲՄԴ-ով շտապեցին օգնության՝ մխրճվելով ռազմաճակատի առաջին գիծ, թշնամու դեմ-դիմաց: Երեք գնդացիրներից կրակ էին թափում նրանց վրա՝ արժանին հատուցելով: Տղաները մի պահ, տաքացած, իրենց զգացին օղակման մեջ:
Այդ պահին Յուրին հանգիստ ասաց.
«Տղերք, սառնասիրտ եղեք անելանելի վիճակ չի լինում, խոճապի մի ենթարկվեք»:
Նա մասնակցել է Կիչանի, Սխրավենդի, Էդիլուի, Խարամանջուղի, Լենինավանի, Սեյսուլանի Մարտունու, Ճարտարի, Կրկժանի Խանաբադի, Սառնաղբյուրի, Քարին տակի, Շուշիի ազատամարտերին, իսկ Շուշին ազատագրելու ժամանակ դրսևորվում են զրահատեխնիկայի նրա փայլուն իմացությունն ու այդ զինատեսակի մարտական կիրառման կարողությունները: Այդ ռազմագործողությունների ընթացքում էլ փայլել են նրա հրամանատարական շնորքն ու տաղանդը: Քանիցս վիրավորվել է զենքը փորձարկելիս, սակայն ոչ ծնողներին, ոչ էլ կնոջը այդ մասին ոչինչ չէր ասել։ Նույնիսկ մի անգամ շատ խորն է եղել վերքը, բայց դրա մասին հարազատներն իմացել են Յուրայի զոհվելուց հետո միայն:
Յուրի Պողոսյանը զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին, Նախիջևանիկում: Թշնամին ուժեղ էր և նպատատակ ուներ, ճեղքել Ասկերանի Նախիջևանիկ ճակատային գիծը, մոտենալ Ստեփանակերտին:
Յուրին 18 ընկերներով էր, պետք էր խնայվեր յուրաքանչյուրի կյանքը:
ՈՒ հրամանատարն ինքը բարձրացավ թշնամու ուժերը հետախուզելու:
Եվ զոհվեց 31-ամյա հերոսը, թողնելով օրինակելի մի կյանք, հայրենիքի ազատության արշալույսի մեջ, անմարելի մի շող երախտագետ սերունդների սրտում հավերժ ապրող մի անուն:
Յուրի Պողոսյանի հուղարկավորմանը ներկա էր նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, և մեծ ցավ էր ապրել:
Հերոսի հայրը` Վաղարշակ Պողոսյանը, կարծես թե մի պահ մոռանալով անձնական վիշտը, դիմելով Կոմանդոսին՝ շշնջացել էր.
«Դուք կորցրիք ևս մեկ զինվոր…»: Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն ի պատասխան դառնորեն նկատել էր.
«Ո՛չ, հայրի՛կ, ոչ թե մեկ, այլ միանգամից 1000 զինվոր կորցրի…»:
Արցախյան դիմակայությունը դարձավ Ոգու բարձրագույն թռիչքի, սխրանքների, , հերոսության ասպարեզ, որտեղ հայրենիքի նվիրյալները, հաստատեցին այն ճշմարտությունը, որ հերոսներն իրենց ուժն առնում են մայր հողից ու այդ հողին էլ նվիրաբերում հոգին ու բազկի ուժը:
1996 թ. սեպտեմբերի 20-ին` ՀՀ նախագահի, իսկ 2002 թ. սեպտեմբերի 2-ին` ԱՀ նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Յուրի Վաղարշակի Պողոսյանին շնորհվել են «Հայաստանի Ազգային հերոս» և «Արցախի հերոս» բարձրագույն կոչումները:
Նրան հետմահու շնորհվել են նաև ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ բարձրագույն՝ «Հայրենիք» և ԱՀ «Ոսկե Արծիվ» շքանշաններ և «Շուշիի ազատագրման համար» մեդալով:
Ամուսնացած էր, ունի 3 երեխա և 8 թոռ:
Յուրին երազում էր տեսնել Արցախի կայացած բանակը, և թող Աստված ուժ տա բոլոր սևազգեստ մայրերին, որ կարողանա պահել իրենց ժառանգներին այնպես ինչպես վայել է Արցախյան գոյապայքարում նահատակված հերոս տղաներին, նաև քեզ, Յուրի:
Այսօր ես հասկացա, որ ճանաչեցի մի մարդու, որին մենք պարզապես չճանաչելու իրավունք չունենք հիշատակը մոռացության մատնելն աններելի է:
Յուրի Պողոսյանի անունը պետք է դառնա արիության քաջության հերոսության ու հայրենասիրության, բարոյականության խորհրդանիշ:
Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի Յուրի Պողոսյանի հիշատակը մնա վառ, որպեսզի հիշատակն այդ ապրի նրանց սրտերում, ովքեր դեռ նոր են կյանք մտնելու:
Խոնարհվենք մեր ազգային հերոս Յուրի Պողոսյանի պայծառ հիշատակի առաջ: Նրա ոգին, որ թևածում է հայրենի երկրամասի լեռների ու դաշտերի վրա, մեզ և գալիք սերունդներին պատգամում է ճիշտ ապրել:
Թագուհի ԹԱԳՈՒՀԻ